Our Story
Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպեսև հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, ըստ իս, կարելի է բաժանել երեք փուլի:
Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:
Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:
Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:
Այս փուլերից յուրաքանչյուրը, լինելով մեր բանակային պատմության շղթայի կարևորագույն օղակ, առանձնանում է իր յուրահատկություններով, զարգացման տրամաբանությամբ, տվյալ ժամանակում գոյություն ունեցող իրողություններով և մինչև իսկ հոգեբանությամբ: Ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ ավելի բարդ, քանզի դրանք համեմատելի չեն մի շարք առումներով. համեմատելի չեն ժամանակները, քաղաքական իրողությունները, առկա ռեսուրսները:
1988 ից մինչև 1992 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունն ու բնորոշիչը ինքնաբուխ հայրենասիրությունն էր, ավելի խիստ, թերևս` տարերայնությունը: Առհասարակ, «բանակ» ասելիս, առաջին միտքը, որ կծագի ցանկացած բանական մարդու գլխում կլինի համազգեստով զինվորը, զորանոցն ու զորախաղերը, պատվո պահակախումբը, շքերթն ու երդման արարողությունը: Վերը հիշատակված տարիների պատմությունը թերթելիս նման բաներ հաստատապես չենք գտնի, ինչը սակայն, որևէ կերպ չի նսեմացնում դրանց կարևորությունը: Այդ շրջանի «բանակը» հայ քաղաքական նորելուկ միտքն էր և նրա ջղաձիգ (բայցև հաջող) ջանքերը` լուծելու պատմական այս ժամանակաշրջանում իր առջև դրված գերագույն խնդիրները. անկախ պետականության վերականգնում և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության արդար դատի պաշտպանում: «Բանակ» էր հայ հասարակության մտածողության մեջ այն գիտակցության հասունացումը, թե միայն սեփական զինված ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակության անվտանգության երաշխիքը: «Բանակ» էին իրարից անկախ գործող կամավորական ջոկատները (թվով շուրջ 80), որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար, հայրենասիրական ու բարոյական արժեքներից դրդված, մեկնում էին սահմանի ամենաթեժ կետերը` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ: Հակառակորդ, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և հայերի զանգվածային տեղահանություն իրականացնելով` այլևս չէր խորշում ոչնչից և ողջ քաղաքակիրթ աշխարհի առջև բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ամենն իրագործվում էր կոմունիստական վարչակարգի ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև գործուն մասնակցությամբ: Դրա ամենավառ ապացույցը եղավ 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Դրան հաջորդեցին Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի ու Բերդաձորի ենթաշրջանի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումները:
Բոլոր այս ճնշումների դեմ հանդիման կանգնած էին հայ կամավորական ջոկատները, որոնց գործողությունները, կրկնում եմ, տարերային էին, չկոորդինացված և տեղի էին ունենում Հայաստանի և Արցախի պաշտպանությունը համակարգող միասնական կենտրոն-կառույցի բացակայության պայմաններում: Եվ սակայն դրանք այն կենսունակ սաղմերն էին, որոնցից, անկախության հռչակումից անմիջապես հետո, պիտի ծնվեին հայոց փառապանծ բանակի ստորաբաժանումները:
Կամավորականները, որոնք որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով իրենց տեղը պետք է զիջեին կանոնավոր զորամիավորումներին, փայլուն կերպով կատարեցին իրենց առջև, իրենց իսկ կողմից դրված խնդիրները: Նրանց մի մասը նահատակվեց սխրալի մարտերում. Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Ջիվան Աբրահամյան... շատ ու շատ այլոք, իսկ մյուսները, արդեն 1992-ից սկսած, մասնակցելով նաև պատերազմական լայնածավալ գործողություններին, նորաստեղծ կանոնավոր բանակի հետ միասին կռեցին մեր առաջին ռազմական հաղթանակը: Ցավոք, շատերն իրենց կյանքի գնով:
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարությունը:
1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Քիչ ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Այս պահից, ահա, սկիզբ է առնում մեր բանակի պատմության երկրորդ փուլը: Մի փուլ, որի խնդիրներն, իրենց բարդությամբ չզիջելով նախորդին, բնույթով այլ էին: 92թ-ին Հանրապետության ղեկավարությունը, Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդունեց Հայաստանի, առաջին հերթին` նրա Զինված ուժերի համար չափազանց կարևոր և հեռատես որոշում. մենք բռնեցինք ո´չ թե Խորհրդային զորքի սպառազինության բռնի գրավման, այլ` այդ սպառազինության Հայասատանի չափաբաժնի կանոնավոր, պայմանագրային հիմունքներով ստացման ուղին: Դրա շնորհիվ էր, որ թեև ռազմական տեխնիկան քանակապես քիչ էր` համեմատ նրան, ինչը կարող էր ստացվել բռնագրավման պարագայում, սակայն այն սարքին վիճակում էր և անցավ ո´չ թե անհատներին կամ առանձին ջոկատներին, այլ` պետությանը: Դրա շնորհիվ էր, որ ռուսական զորքի մի մասը մնաց Հայաստանում` հետագայում վերաճելով ռազմական բազայի և դառնալով Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասը:
Բանակն այս տարիներին, եթե կարելի է այսպես ասել, ապրում էր երկու կյանքով: Մի կողմից ինտենսիվորեն ընթանում էր բանակային կառուցվածքի ձևավորում, նրա իրավական ամրագրում, իսկ մյուս կողմից` նորաստեղծ բանակային կազմավորումները փաստացի պատերազմի մեջ էին հարևանի հետ: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» տրամաբանությանը զուգահեռ փորձ էր արվում հնարավորինս պաշարներ ուղղել կառուցվածքային խնդիրների լուծմանը:
Զենք-զինամթերքի, վառելիքի, պարենի ու հագուկապի խնդիրներին զուգահեռ, նորաստեղծ նախարարության առջև ծառացել էր ոչ պակաս կարևոր ևս մեկ խնդիր` զինված ուժերի համալրումը կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով և մասնագետ կադրերով: Պաշտպանության նախարարությունը հսկայական աշխատանք ծավալեց` նախկին խորհրդային բանակում ծառայող սպաներին հայկական զինված ուժերում ընդգրկելու և դրանով իսկ, թեկուզ ժամանակավորապես, այս խնդիրը մեղմելու ուղղությամբ: Ի պատիվ մեր ժողովրդի, բազմաթիվ հայազգի սպաներ արձագանքեցին ՊՆ կոչին, թողեցին իրենց խաղաղ-անվտանգ բնակավայրերը, եկան և լծվեցին բանակաշինության, հայրենիքի անվտանգության ապահովման սուրբ գործին: Դրանց թվում էին այսօր արդեն գեներալ-գնդապետներ Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, գեներալ-լեյտենանտներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Գրիգորյանը, գեներալ-մայորներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Մուրազ Սարգսյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Վլադիմիր Հայրապետյանը, Ալիկ Սարգսյանը, Մարտին Կարապետյանը, Տիգրան Գասպարյանը, Ալիկ Միրզաբեկյանը և շատ ուրիշներ: Այս անձանց կողքին չեմ կարող չնշել նաև գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի անունը, որի համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիք:
Բանակաստեղծման առումով 1992-ը բացառիկ արդյունավետ եղավ.
ամրագրվեց անհրաժեշտ իրավական դաշտը,
ձևավորվեցին ղեկավարման օղակները, առաջին հերթին` Գլխավոր Շտաբը,
ստեղծվեցին թիկունքի և սպառազինության ծառայությունները,
հիմնադրվեցին զորատեսակներն ու մասնագիտացված զորամասերը,
մշակվեցին խմբավորումների, զորամասերի մարտական կազմերը և կառուցվածքները, դրվեց զորատեսակների և ծառայությունների ձևավորման սկիզբը, անցկացվեց առաջին զորակոչը,
կազմավորվեցին առաջին սահմանապահ զորամասերը` մոտոհրաձգայինների վերափոխման հեռանկարով,
ծավալվեցին զորամասերի ստորաբաժանումները` դասակները, վաշտերը, գումարտակները, սկսվեց անձնակազմի մարտական ներդաշնակման ու մարտական պատրաստության գործընթացը:
Այս ամենին զուգահեռ թեթև մարտական գործողությունները սահմանի երկայնքով արդեն վերաճել էին իսկական պատերազմի` իրենց ահագնացող ծավալներով: