Շողակն Արարատյան

Շողակն Արարատյան Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

22/08/2013

Qahana.am

Օգոստոսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ցանկությամբ և օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամները միության պատասխանատու արժանապատիվ տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի գլխավորությամբ կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Խոր Վիրապի, Նորավանք վանական համալիրները և Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի:
Մանրամասները կարդացեք այստեղ՝ http://www.qahana.am/?ln=am&page=news-item&id=236

21/08/2013

Qahana.am

Վեհափառ Տեր,

Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբության բարեբաստիկ ծննդյան տարեդարձը՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերն անսասան պահի Ձեր հովվապետական գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր հոտիդ բազում տարիներ:

Հայցում ենք Բարձրյալից, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջ առողջություն, երկար արևշատ տարիներ ի բարօրություն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի վայելումն հայ ազգին:

Մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջոյն՝
որդիական սիրով՝ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

25/06/2013
«Մի՞թե ես կարող էի այդ աստիճան միամիտ լինել, որ դա անեի իմ անունով»

«Մի՞թե ես կարող էի այդ աստիճան միամիտ լինել, որ դա անեի իմ անունով»

Վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած օֆշորային սկանդալի հետ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան շաղկապումը լայն արձագանք էր գտել լրատվամիցոջներում:

07/06/2013
Նավասարդ Կճոյանը պատասխանեց հարցերին և հյուրընկալեց The Yerevan Times-ի թղթակցին իր տանը (ֆոտո)

Նավասարդ Կճոյանը պատասխանեց հարցերին և հյուրընկալեց The Yerevan Times-ի թղթակցին իր տանը (ֆոտո)

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն է: Այս մարդու անունը վերջին տարիներին մամուլում պարբերաբար...

03/06/2013

«ԵՐԱՆԻ ՈՂՈՐՄԱԾՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՆՐԱՆՔ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԳՏՆԵՆ»
Մատթեոս Ե 7

Ողորմածությունը քրիստոնյաների հոգևոր կատարելագործման ճանապարհն է: Հիսուս Քրիստոս երանի է տալիս ողորմածներին, ովքեր «ես»-ից ազատագրված` իրենց կյանքի մեջ կրում են ուրիշ «ես»-եր, ինչն էլ երաշխիքն է առ Աստված ունեցած սիրո: Ողորմածությունը մարդ արարածին հնարավորություն է տալիս իրեն նույնացած զգալ դիմացինի հետ, իր մեջ ապրեցնում է իր նմանին, այն սիրո իրական դրսևորում է: Ողորմածները ողորմություն պիտի գտնեն և արժանանան Աստծո սիրուն և շնորհին, ինչն էլ ամենացանկալին է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Մարդն իր էությամբ պիտի ապրի ողորմած լինելու զգացողությունը, որպեսզի կարողանա ողորմած և գթած լինել: Համբերությունը, արդարությունը, փառքն ու կյանքը ողորմածության պտուղներն են, զարդերը, որոնցով քրիստոնյան այլակերպվում և պայծառակերպվում է: Ողորմածությամբ մարդն արժանանում է Աստծո շնորհին, սրբվում է մեղքերի բազմությունից և փրկվում է: Ողորմությունը պայմանավորված չէ նյութական հարստությամբ, այլապես պիտի սահմանափակված լիներ մեկ դասակարգի մեջ: «Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, և արդար աղքատը լավ է, քան ստախօս հարուստը» (Առակաց ԺԹ 22): Բազում են ողորմության շուրջ աստվածաշնչյան պատգամները և հորդորները: «Նա, ով հետեւում է արդարութեան և ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակաց ԻԱ 21): Այս ամենից բացի` այն միակ առաքինությունն, որ հնարավորություն է ընձեռում նմանվել Արարչին. «Առաքինությունների մեջ չկա մի բան, որն այնքան նմանեցնի մեզ Աստծուն, որքան ողորմածությունը» (ս. Ներսես Շնորհալի): Հիսուս Իր յուրաքանչյուր քայլով սովորեցնում է սիրո և ողորմածության արվեստը: Նա Իր էությամբ անսահման գթած և ողորմած է: «Ահավասիկ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում` ասելով. «Ինձ մօտ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ,- ասում է Տէրը:- Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տէրը,- ձեր դէմ յավիտեան ոխ չեմ պահի» (Երեմիա Գ 12):
Հայոց լեզվում «ողորմած» բառը «ողորմ» արմատից է, որ նշանակում է ողորմող, գթացող, կարեկցող: Ողորմածության խորքն են կազմում բարությունը, կարեկցությունը, քաղցրությունը և հավատարմությունը: Հիսուս Իր հետևորդներին թելադրում էր, որ նրանք լինեն ողորմած և գթած ոչ թե ի ցույց մարդկանց, այլ հոգու և սրտի: Նա զգուշացնում էր ողորմության շուրջ. «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է… Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի յայտնապէս» (Մատթ. Զ 1, 3-4):
Դարեր շարունակ մարդկությունը տառապում է անհավասարությունից: Դասակարգային խտրականությունը վրդովվում է կյանքը: Սիրո, ողորմության, արդարության պակասն ընտանեկան կյանքը դժոխքի է վերածում: Ի ուրախություն` Հիսուս թափանցեց մարդկության կյանքից ներս` հնարավորություն տալով լավ ճանաչելու այն:
«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն». այս երանին ուղղված է բոլոր դարերի քրիստոնյաներին, որը տանում է ինքնաքննման և ինքնաճանաչման: Քրիստոսի աշակերտները, մեր եկեղեցու սուրբ հայրերը, ազատագրված իրենց «ես»-ից և լիցքավորված մեծագույն Ողորմածով` Հիսուսով, իրենց կյանքը նվիրեցին ի խնդիր երկրի վրա Աստծո թագավորության հաստատման:
Այս պատգամ- երանին մեզ մղում է լուրջ մտածել մեր կոչման և առաքելության մասին, որպեսզի մենք էլ սրբվելով մեր մեղքերից` ողորմության և գութի արժանանալու երջանկությունն ունենանք: Ամեն:
Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

25/04/2013

ՀԱՅ ԴԱՏԻ ԶԻՆՎՈՐԸ

1972 թ. ՀԽՍՀ պատմության պետական կենտրոնական արխիվի (այժմ Հայաստանի ազգային արխիվ) տնօրենի անունով ստացվում է մի փոքրիկ կապոց նամակի հետ, որի հեղինակն էր ամերիկահայ Գուրգեն Յանիկյանը, այն ժամանակ մեզ համար թերևս ոչ հանրածանոթ մի անուն: Կապոցի մեջ նրա անձնական կյանքին վերաբերող վավերագրեր էին, լուսանկարներ, թերթերից ու ամսագրերից վերցված կտրոններ, որոնց պահպանումը Յանիկյանը վստահել էր հայրենի արխիվին և որի մասին հավաստում են նամակի հետևյալ տողերը. «Իմ կարծիքով ուղարկածս ձեզ մոտ գտնվելը ավելի լավ է, քան ինձ մոտ, որովհետև ըստ իմ տարիքին ես շատ ժամանակ չունեմ այս երկրագնդի վրա քայլելու համար և ոչ ոք չունենալով այս երկրում, բացի մի կնոջից, որն անբուժելի հիվանդ է, այնպես որ պետք է անհետանային... Բայց կան դոկումենտներ, որ մեր ապագայի համար գուցե պետք կգան...»:
Ծանոթանալով վավերագրերի բովանդակությանը` քո առջև տեսնում ես սովորական մի հայի, աշխատասեր, բարի, ազնիվ ու խելացի, որն իր ուժը, միտքն ու կարողությունները նվիրաբերել է մարդկանց, բայց մարդկությանը հասու չի եղել նրա հոգու տվայտանքը, սիրտը տանջող ու մաշող այն մեծ ցավը, որը, սակայն, միայն իրենը չէր, այլ բռնությամբ հայրենազուրկ դարձած մի ողջ ժողովրդի: Դժվար էր հաշտվել այս քար լռության, աշխարհի այս անտարբերության հետ: Ու նեղացած մարդկանցից, ծերունազարդ այս մարդը, մեկուսացած իր տանը, ուղիներ էր որոնում լռության այս պատնեշը հաղթահարելու, հայոց դատը կրկին լսելի դարձնելու համար: Եվ Յանիկյանը Ս. Թեհլերյանի, Ա. Գևորգյանի, Պ. Տեր-Պետրոսյանի ու այլոց նման բռնեց վրիժառության ուղին, որոնց ահաբեկչությունը, սակայն, ուղղված չէր հասարակ մարդկանց, այլ ժողովրդից ճշմարտությունը թաքցնող իշխանավորների դեմ:
Իսկ մինչ այդ ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը: Նա մեկն էր բյուրավոր այն հայերից, որոնք բռնությամբ դուրս մղվեցին իրենց պապենական հողերից ու սփռվեցին աշխարհի տարբեր ծագերում: Ծնվել էր Էրզրումում 1895 թ., ուսանել` Մոսկվայում` ձեռք բերելով ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտություն: Հեղափոխությունից հետո Յանիկյանը լքում է Մոսկվան, մեկնում Փարիզ, 12 տարի տարբեր երկրներում բախտ որոնելուց հետո կնոջ` բժշկուհի Շուշանիկ Յանիկյանի հետ, վերջապես, հաստատվում է Իրանում, գուցե հայրենիքին մոտ լինելու, նրա շունչն ավելի մոտից զգալու նպատակով: Պարսկաստանը դառնում է Յանիկյանի երկրորդ հայրենիքը, որտեղ կարողանում է դրսևորել շինարարական արվեստի իր փայլուն գիտելիքները: Այստեղ նա կառուցում է գործարաններ, կամուրջներ, այսօր պատմական հուշարձան համարվող այլ կառույցներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Յանիկյանի ղեկավարությամբ Թեհրանից 8 կմ հյուսիս կառուցվում է ռումբեր արտադրող ստորգետնյա գործարան, որի արտադրանքը խորհրդային բանակը կիրառում էր ֆաշիզմի դեմ մղվող պայքարում: Հայ շինարարի աշխատանքը բարձր է գնահատվում պարսկական կառավարության կողմից, նա անգամ պարսից շահի կողմից հրավիրվում է պալատ ճաշկերույթի: 1938 թ. Յանիկյանը մասնակցում է ևս մի կարևոր շինարարական օբյեկտի` Թեհրան-Թավրիզ երկաթգծի կառուցմանը, որով Պարսից ծոց հասած ամերիկյան ռազմական օգնությունը պիտի տեղափոխվեր Խորհրդային Միություն: Երկաթգծի երկարությունը կազմելու էր 315 կմ և ունենալու էր 3 կայարան` Քարաջ, Ղազվին և Զանջան: Լինելով կառուցվող երկաթգծի ընդհանուր տնօրեն` Յանիկյանն անձամբ էր ղեկավարում ճանապարհի ամենաբարդ հատվածի` Զանջանի կառուցումը: Նախատեսված երեք տարվա փոխարեն երկաթգծի շինարարությունն ավարտվում է 18 ամսում: Ճանապարհի ամբողջ երկարությամբ կառուցվում են 1206 մեծ ու փոքր կամուրջներ, 275 շենք: Կատարված այս աշխատանքի համար նրան պարգևատրում են շքանշանով, իսկ իրանահայ մամուլը, հպարտ իր տաղանդաշատ հայրենակցի հաջողություններով, այսպես էր արտահայտվում այդ օրերին նրա մասին. «Ինժեներ Յանիկյանն օժտված է կազմակերպչական բացառիկ տաղանդով, կտրական, գործունյա և աշխույժ լինելով, միշտ էլ հաջողվում է իր ձեռնարկների մեջ: Իբրև մարդ` խիստ ազնիվ է ու բարի, մեր համայնքը միշտ էլ առիթ է ունեցել բոլոր հասարակական և բարեգործական ձեռնարկներում օգտվելու նրա լիառատ և սրտաբաց նվիրատվություններից: Մեր ջերմ շնորհավորանքները ինժեներ պ. Գ. Յանիկյանին իր ունեցած հաջողության առթիվ»:
Յանիկյանի ձեռքով է կառուցվել նաև Չալուս կոչվող աշխարհի ամենաբարձրադիր ավտոխճուղին, որը Պարսկաստանի մայրաքաղաքը միացնում է Կասպից ծովի մոտ Մազանդարան երկրամասի հետ: Այս ճանապարհի ամենաբարձր կետը 1003 ոտնաչափ է և մշտապես ձյունածածկ: Նրան են պատկանում նաև Զիրաբ կոչվող ածխահանքի օդային ճանապարհի կառուցումը և մի շարք այլ շինություններ, որոնք այսօր էլ տնտեսական ու մշակութային արժեք են ներկայացնում Պարսկաստանի համար:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո, 1947 թ. Յանիկյանը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և հաստատվեց Լոս Անջելեսում: Այստեղ սկսվեց նրա կյանքի մի նոր` գրական-ստեղծագործական աշխատանքի շրջանը` անուն և փառք բերելով նրան անգամ Միացյալ Նահանգներից դուրս: Վեց լեզուների գիտակ Յանիկյանը թղթակցում էր ինչպես ազգային, այնպես էլ օտարալեզու պարբերականներին, ներկայացնելով իր բանաստեղծություններն ու պատմվածքները, հայ հասարակական-քաղաքական կյանքի, հայոց պատմության ու եկեղեցու վերաբերյալ հոդվածները, կատարում էր թարգմանություններ, հանդես գալիս գրախոսականներով: Հայտնի է նրա կողմից հայերեն թարգմանված ամերիկացի բանաստեղծուհի Լեա Ալդենի «Կնոջ կոչը աշխարհի բոլոր կանանց» պոեմը: Յանիկյանը բազմակողմանի զարգացած և լայն հետաքրքրությունների տեր անձնավորություն էր: Բնականաբար, նրան քիչ չի հուզել նաև թատերական արվեստը: 1951 թ. Հոլիվուդում բացվում է նրա սեփական թատրոնը: Առաջին ներկայացմանը մասնակցած հանրաճանաչ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը բարձր է գնահատել բեմադրության գեղարվեստական արժանիքները: Կարճ ժամանակամիջոցում Յանիկյանին հաջողվում է ճանաչում և հեղինակություն ձեռք բերել ամերիկյան մտավորականության շրջանում: Հարուստ գիտելիքներն ու ի վերուստ տրված գրելու շնորհը ծնունդ տվին մի շարք վեպերի, որոնցից են «Հուդա Իսկարիովտացու հաղթարշավը», «Հարեմի խաչը», «Ապագայի ձայնը», «Կյանքի սիմֆոնիան», «Միշտ անհայտը» և այլն: Սրանց շարքում առանձնացավ «Հուդա Իսկարիովտացու հաղթարշավը»: Այն թարգմանվեց մի շարք լեզուներով:
1950 թ. Յանիկյանն ընտրվում է «Մարկ Տվեն» գրական-գեղարվեստական կազմակերպության անդամ, որի կազմում էին համաշխարհային դեմքեր Բերնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը, Դեյվիդ Էյզենհաուերը և այլք: Սակայն բարեկեցիկ կյանքը, գլխապտույտ հաջողություններն ու փառքը հոգու անդորր չբերեցին Յանիկյանին: Նրա սրտում ցավ էր ու մորմոք: Մեկ և կես միլիոն անմեղ զոհերի ուրվականներն էին հալածում նրան ու վրեժի կոչում: Դժվար էր հաշտվել աշխարհի քար լռության ու անտարբերության հետ: «...Սիրտս լցվում է վրեժի ցասումով և դեմքս ծածկվում է ամոթի քողով, որ կես դար չանցած, գործերը չարի, արյունոտ, դաժան, գլուխ ոճրագործության, կարող են մարդիկ տալ մոռացության»,- գրել է Յանիկյանը 1953 թ. «Հայրենիք» ամսագրում:
Եվ խռովահույզ նրա ուղեղն աշխատում էր, ուղիներ որոնում հայոց դատը կրկին հիշեցնելու, հայի արդար պահանջի հետ հաշվի նստելու համար: «Քանի դեռ մարդկությունը չի դատապարտել այդ ոճիրը, երկու միլիոն մեր ցեղակիցների դիակները հանգիստ չեն կարող գտնել»,- ասում է Յանիկյանը և գործի անցնում: 1972 թ. դեկտեմբերի 20-ին նա հայ անհատի արդար պահանջների վերաբերյալ 120 էջից բաղկացած մի գրություն է հղում 7 հասցեով, այն է` ԱՄՆ-ի նախագահին, սենատին, կոնգրեսին, «Թայմս» շաբաթաթերթին, «Նյու Յորք Նյուս», «Լոս Անջելես Նյուս» և «Սանթա Բարբարա Նյուս» շաբաթաթերթերին, ինչպես նաև 14 հայերեն պարբերականների: Մի նամակ էլ հղում է Կալիֆորնիայի 200 հայ անհատների, որում պարզաբանվում էր Յանիկյանի` հայ մարդու իր արդար իրավունքների պաշտպանության համար մղվելիք նոր տեսակի պայքարի ծրագիրը: Յանիկյանը պայքարի էր կոչում յուրաքանչյուր հայի, պարզաբանելով, որ այսօր աշխարհում ուժի իշխանություն է և հայն իրավունք չունի Դոն Քիշոտի պես սավառնել երկնքում` աղերսելով իրավունք և արդարություն: «Հայկական կոչված հարց գոյություն չունի: Դա ցնորք է, ինքնախաբեություն, գոյություն ունի հայ անհատի հարցը, որովհետև մեր մայրերին են բռնաբարել ու վաճառել: Հայ անհատն է, որ վերջապես զարթնելով քնից, պետք է անհատապես ներկայացնե իր պայքարը»,-գրում է նա ու շարունակում. «Մարդկությունը չպետք է մոռանար նյութական ու բարոյական այն կորուստները, որ պատճառվեց հայ ժողովրդին առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն փաստն այն է, որ մոռացել են: Այդ մեր` աշխարհում ցրված հայ անունը կրողներուս մեղքն է, որ թողել ենք, որ մոռանան: Երբեք էլ մոռանալու չէ: Ուրիշ կերպ մտածողները թող դադարեն իրենց հայ կոչելուց: Սակայն մեզ ու մեզ հիշելը դա հիշեցում չէ, պետք է թշնամին զգա ու տեսնի այդ շոշափելի ձևով»:
Յանիկյանն առաջարկում էր պայքարի իր ծրագիրը, որի համաձայն թշնամու համար անհրաժեշտ էր ստեղծել այլ երկրների հետ հարաբերվել չկարողանալու իրավիճակ, ամենուր ահաբեկչական գործողությունների դիմելով, ստիպել նրան ընդունել գործած հանցագործությունը և վերադարձնել հայ ժողովրդին նրանից խլվածը: Նա հույս ուներ, որ աշխարհասփյուռ հայությունը կհասկանար իրեն և կընդուներ իր ծրագիրը: Ու նա որոշում է դառնալ իր սկսած այս նոր պատերազմի առաջին զինվորը, որի մասին հավաստում են նամակի հետևյալ տողերը. «...Երբ այս նամակը կկարդաք, արդեն ես, որ հեղինակն է այս նոր ձևի պատերազմի ու տարիների ընթացքում փայփայել է այս գաղափարը, անցել է նրա իրագործման»:
Թերևս Յանիկյանը գիտակցում էր, որ ահաբեկչությունն այն ուղին չէ, որով պիտի հասներ հայ դատի լուծմանը, բայց ներելի չէր նաև աշխարհի լռությունն ու անտարբերությունը: Եվ նա որոշեց այս ճանապարհով իր բողոքի ձայնը հասանելի դարձնել մարդկությանը:
Յանիկյանն ասելիք ուներ, և այն մարդկանց հասցնելու համար որոշեց ինքնակամ կանգել դատարանի առաջ: 1973 թ. հունվարի 27-ին Սանթա Բարբարայի Բալթիմոր պանդոկում Գուրգեն Յանիկյանի ձեռքով սպանվում են Լոս Անջելեսի թուրք հյուպատոսն ու նրա օգնականը: 78-ամյա ծերունին դատապարտվում է ցմահ բանտարկության: 10 տարվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվում` հաշվի առնելով առաջացած տարիքն ու առողջական վիճակը:
Արյան կանչով պայքարի ելավ ծերունազարդ վրիժառուն, նրա կոչը լսելի եղավ շատերին` կրկին բորբոքելով անշեջ կրակը հայրենակորուստ հոգիներում: Շատերը որդեգրվեցին յանիկյանական այս պայքարին, ինքնակամ զոհաբերվեցին, որպեսզի չմոռացվի անմարդկային այս ոճրագործությունն ու այլևս չկրկնվի:
Թերևս այս պայքարի արդյունքն էր, որ 1987 թ. հունիսի 18-ին Եվրոմիության խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որտեղ երիտթուրքերի կողմից 1915 թ. արևմտահայության նկատմամբ իրագործված ջարդը որակվեց իբրև ցեղասպանություն:
Այսօր էլ ոչինչ չի մոռացվել, այսօր էլ շարունակվում է պայքարը, իհարկե ոչ Յանիկյանի ընտրած ճանապարհով և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրք ժողովուրդը չի հասկանա ու չի դատապարտի իր նախնյաց կատարած հանցանքը:

Մարո ԱՎԵՏԻՍՅԱՆ

25/04/2013

Գուշակության մասին

Դեռևս Քրիստոսից առաջ` աշխարհի արարման ժամանակներից գուշակություններով զբաղվողներ եղել են և կան նաև այսօր: Աստվածաշունչ մատյանում` հատկապես Հին Կտակարանում, հաճախ ենք հանդիպում գուշակներին և գուշակություններին վերաբերող հատվածների, որոնց նկատմամբ Սուրբ Գիրքն իր արգելքն է դնում, ինչպես շատ ու շատ այլ վատ արարքների համար սահմանված պատվիրանները: Նոր Կտակարանում` Գործք առաքելոց գրքի 16 :16-17 հատվածներում, գուշակը համարվում է դիվահար: Պողոս առաքյալը սաստում է դևին, որը դուրս է գալիս գուշակությամբ գումար վաստակող կնոջ միջից: Այսօր էլ կան բազմաթիվ գուշակներ, որոնք զբաղվում են գուշակությամբ` չիմանալով, որ ենթարկվում են սատանայի դևերին ու կատարում նրանց կամքը: Գուշակների մի մասն այսօր փորձում է դևերի` իրենց հայտնած ճշմարիտ կեղծիքը փոխանցել մարդկության կամ հասարակության այն հատվածին, որը հեռու է եկեղեցուց և ճշմարտության գիտակցումից և ենթարկվում է բեհզեբուղյան կործանիչ և դեպի գեհենի կրակներ առաջնորդող կեղծիքին` մոռանալով մարդու` Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված լինելը:
Իսկ վերջին 3 տարիների ընթացքում գուշակությունները սևեռվել են հիմնականում աշխարհի վախճանի վրա` փորձելով իրարանցում, խառնաշփոթ, քաոս ստեղծել ողջ մարդկության մեջ: Սակայն մենք` քրիստոնյաներս, շատ լավ գիտենք, թե ինչպես և ինչ նշաններով պետք է լինի Քրիստոսի Երկրորդ գալուստն ու ահեղ դատաստանը: Այն, որ մոտեցել է աշխարհի վախճանը, ասում էր դեռևս Քրիստոս` Իր քարոզչության ընթացքում, սակայն երբեք, նույնիսկ Քրիստոս չի նշել, թե երբ պիտի լինի դա, այլ հակառակը, վերջին օրերը Քրիստոս միշտ համեմատել է նրա հետ, թե ինչպես է գողը մտնում տուն, որպեսզի թալանի գիշերով, երբ տան- տերերը քնած են ու չեն սպասում: Ուստի, Քրիստոս կոչ է անում և պատվիրում, որ արթուն մնանք, աղոթենք ու ամեն ժամ պատրաստ լինենք: Քրիստոս չի ասել Իր Երկրորդ գալուստի օրն ու ժամը, բայց ասել է նշանները. գալու է արևելքից, կայծակի նման, հրեշտակների հետ ու Հոր փառքով, ու չի լինելու մեկը, որ չտեսնի Իր գալուստը: Այսպիսով, սիրելի՛ ընթերցող, ամուր պահենք մեր հավատն առ Բարձրյալն Աստված, հետևենք ու կատարենք պատվիրանները` Աստծուց մեզ տրված, լինենք միմյանց նկատմամբ սիրալիր, համբերատար, ներողամիտ և ողորմած, որպեսզի մեր հավատքը գործ դարձնելով` ապրեցնենք այդ հավատքը և ենթարկվենք աշխարհի վախճանի անընդհատ փոփոխվող կեղծ թվականներին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ամենազոր Աջն ու Խաչը պահապան բոլորիս. ամեն:

Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
Մխչյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

25/04/2013

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մեր պայքարի ավարտը չէ»

2013 թվական: Ապրիլի 24: Ընդամենը երկու տարի, և կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Եվ որքան մոտենում ենք 2015-ին, այնքան նոր թափ է ստանում թուրքերի` դեռևս տասնամյակներ առաջ սկիզբ առած հակահայկական քարոզչությունն ու պատմական փաստերի խեղաթյուրումը: Ամեն հայի համար էլ պարզ է, որ այս ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ամենայն լրջությամբ պատրաստվում է նաև Թուրքիան` բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ միջազգային հանրության աչքին «քաղաքակիրթ» և «հանդուրժողական» կեցվածք ընդունելու և հայ ժողովրդի` պատմական ճշմարտությունՆ աշխարհին ճանաչելի դարձնելու արդարացի պայքարը տապալելու համար: Հենց այս հանգամանքները հաշվի առնելով` դեռևս երեք տարի առաջ` 2010 թ., պետական մի շարք կառույցների և բազմաթիվ հեղինակավոր մտավորականների նախաձեռնությամբ Երևանում գումարվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագիրը կրող միջազգային համաժողով, որտեղ առաջ քաշվեցին մի շարք կարևորագույն հարցեր` կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը համամարդկային հարց դարձնելու, Թուրքիայում ոչնչացվող կամ յուրացվող մեր պատմամշակութային կոթողների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու, տեղեկատվական քարոզչության նոր մեթոդներ որդեգրելու, ազգային հայեցակարգ մշակելու և բազում այլ ծրագրերի հետ:
Այսօր կարող ենք փաստել, որ երեք տարի առաջ վեր հանված որոշ հարցեր խոսակցությունների մակարդակից իջել են գործնական հարթություն. արդեն իսկ սկսվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր համալիրի շինարարությունը (որը կավարտվի 2014 թ.), թվայնացվում են թանգարանում պահվող օտարալեզու գրքերը (որոնք Ցեղասպանության տարիներին հրատարակվել են օտարազգի ականատեսների, դիվանագետների և այլ պաշտոնյաների կողմից), ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողով, որի քարտուղարը պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն է: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր զրույցը:
- Պարո՛ն Դեմոյան, ինչպես գիտենք, Հայոց ցեղասպանության փաստը վկայող մեծածավալ նյութեր կուտակված են այն երկրների արխիվներում, որոնք դեռևս համիդյան ժամանակներից սկսած Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն են եղել և ունեցել են իրենց մեղսակցությունը` Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա... Ժամանակը չէ՞, որ աշխարհի խոշոր մայրաքաղաքներում հիմնենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնաճյուղեր:
- Մշտապես գործող ցուցադրությունները համաշխարհային հանրությանն իրազեկելու ամենացանկալի և ամենափորձված միջոցներից են: Այդպիսի նախադեպ կա. աշխարհում գործում է 300-ից ավելի Հոլոքոստի թանգարան կամ հիշողության կենտրոն, որոնցից յուրաքանչյուրը լուծում է կոնկրետ խնդիր` կոնկրետ երկրում: Խիստ ցավալի է այն փաստը, որ մենք ունենք Հայոց ցեղասպանության` ընդամենը 1 թանգարան, որից երբեմն ակնկալում ենք անհնարինը: Այնինչ, այդ աշխատանքները պետք է բաժանված լինեին տարբեր երկրներում գործող և Հայոց ցեղասպանության թեման ներկայացնող թանգարանների միջև: Ցավալի փաստ է նաև այն, որ հնարավորություն չունեցանք Վաշինգտոնում ստեղծել Հայոց ցեղասպանության թանգարան: Իսկ ներկայումս տարբեր երկրներում Ցեղասպանության թանգարան ունենալու խոսակցությունները միայն խոսակցություններ են: Մինչդեռ դրանք ամենակարևոր օղակն են` համաշխարհային հանրության շրջանում մեզ պատուհասած ողբերգության և դրա հետևանքների շուրջ իրազեկության մակարդակը բարձրացնելու համար:
- Պատմական փաստաթղթերից զատ քարոզչական հզոր գործիք է նաև կինոն: Եվ վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ արտերկրում նկարահանվում է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, որտեղ հանդես են գալիս աշխարհահռչակ դերասաններ` Ալ Պաչինոն, Նաթալի Փորթմանը... Ձեզ որևէ բան հայտնի՞ է այս մասին:
- Այո՛: Դրանից բացի ես տեղյակ եմ ևս երկու այդպիսի ծրագրերի մասին: Սակայն մանրամասները դեռևս գաղտնի են պահվում և չեն բարձրաձայնվում: Մենք տակավին չենք արժևորում կինոյի դերն ու նշանակությունը: Խոսքը վերաբերում է թե՛ գեղարվեստական, և թե՛ վավերագրական ֆիլմերին: Ասեմ, որ ինքս, երբ կարդում եմ ցանկացած ականատես-վերապրողի օրագիր` համարում եմ այն ինքնին պատրաստի մի սցենար,- ընդգծում է զրուցակիցս:
- Պարո՛ն Դեմոյան, վերջին ժամանակներում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր փորձում են ստեղծել օտարազգի ռեժիսորները: Սակայն այդ աշխատանքներում երբեմն նկատվում է որոշակի դիվանագիտական մոտեցում` Թուրքիային որևէ կերպ «չվիրավորելու» համար: Մեր պատմագետներն ու ցեղասպանագետները ներգրավվա՞ծ են արդյոք նմանօրինակ ձեռնարկներում, որպեսզի պատմական իրողության աղճատումներ տեղի չունենան:
- Նրանք դիմում են մեզ: Եթե այդպիսի խեղաթյուրումներ նկատվում են, մենք կանխում ենք, տրամադրում ենք նյութեր: Եվ ամեն կերպ աշխատում ենք օգտակար լինել,-ասում է նա:
Անհերքելի պատմական ճշմարտությունը քարոզելու և մեր ժողովրդի արդարացի պայքարը աշխարհին ցույց տալու ուղիներից մեկն էլ միջազգային գիտաժողովների կազմակերպումն է` տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում: Այս տեսանկյունից կարևոր մեկնարկ էր օրերս Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովը` «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համոզված է, որ գիտաժողովը մեզ հնարավորություն է տալու մշակել հակազդեցության առավել արդյունավետ միջոցներ` թուրքական կեղծարարությունների և հակահայկական քարոզչության դեմ: Նշենք նաև, որ գիտաժողովի ժամանակ գերմանացի պրոֆեսոր Թեսսա Հոֆմանը Հայաստանի Հանրապետության առջև խնդիր դրեց Ցեղասպանության ճանաչման հարցն արծարծել միջազգային ատյաններում, որն ըստ գիտնականի ոչ միայն քաղաքական, այլև դատական գործընթացների հետ է կապված: Չշրջանցելով այս կարևոր փաստը` Հայկ Դեմոյանին ուղղեցինք նաև հետևյալ հարցը.
- Երբ խոսում ենք Ցեղասպանության հետևանքների վերացման մասին, պետք է նկատի ունենանք, որ միջազգային իրավունքը մեր` հայերիս դեպքում ունի սողանքներ, քանի որ կոնվենցիաները որևէ կետ չեն պարունակում հայրենազրկված ժողովուրդների վերաբերյալ: Սա չի՞ դժվարացնում արդյոք մեր գործը...
- Մեր աշխատանքները դժվարացնում են այլ հանգամանքներ. մենք մեր երկրի ներսում պետք է կարողանանք սիրել ու հարգել միմյանց: Լինենք միահամուռ: Իսկ ինչ վերաբերում է պահանջատիրությանը, ապա խնդիրը մենք կբարձրացնենք միայն այն ժամանակ, երբ պատմաքաղաքական իրադրությունը մեզ համար նպաստավոր կլինի, երբ պատրաստ կլինենք: Եթե ոչ մենք, ապա` մեր հաջորդ սերունդները... Այս պայքարը հավերժ է լինելու մինչև չվերականգնվեն մեր օրինական իրավունքները մեր հայրենիքի մի մասի հանդեպ:10
- Եվ մենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշելով` մեր գործն ավարտված չենք համարելու, այլ դա լինելու է մի սահմանագիծ, որից հետո պետք է սկիզբ առնի պատմական արդարությանը հասնելու մեր երկար ճանապարհը: Ըստ Ձեզ` ո՞րը պետք է լինի մեր հավատամքը:
- Նախ ինքներս պետք է ներշնչվենք ու տրամադրվենք, որ 100-ամյա տարելիցը մեր պայքարի ավարտը չէ, և ամեն ինչ սկսվելու է հենց այդտեղից: Թուրքերն իրենք էլ չպետք է ակնկալեն, որ 2015-ին հայ ժողովուրդը դադարեցնելու է իր սկսած պայքարը արդարությունը վերականգնելու համար: Դա լինելու է մեր մշտնջենական պայքարը: Եվ եթե միասնական լինենք, հաղթանակը երաշխավորված կլինի: Ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

20/04/2013

Qahana.am

Օրվա խորհուրդ
Ապրիլի 20

Եթե ամեն օր արթնանանք այն գիտակցությամբ, որ կարող ենք օգտակար լինել ինչ-որ մեկին, ուրախություն պատճառել, կամ երջանկացնել գոնե մի մարդու, ուրեմն իզուր չենք ապրում:

Ապրիլի 20-ի ճաշու ընթերցվածքն այստեղ է. http://www.qahana.am/?page=dinner_read&ln=am

16/04/2013

Արդարության մասին
Արդարությունն Աստծո կամքի իրագործումն է երկրի վրա: Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ լինեն բարի, ներող, խաղաղասեր, օրինապահ, միմյանց կարեկից, ողորմած: Ամեն շեղում Աստծո կամքից մեղք է, իսկ մեղքն առաջ է բերում արդարության կորուստ և, հետևաբար, անհրաժեշտություն արդարության: Բոլոր հանցավորները պետք է արդար դատաստանով հատուցում տան` պատժվելով յուրաքանչյուր մեղքի համար: Այս դատաստանը կոչվում է ահեղ դատաստան, որից չի կարողանալու խուսափել ոչ մի մեղավոր: Արդարությունն Աստված վերջնականապես կվերականգնի ահեղ դատաստանով, արդար պատիժներ կսահմանի մեղավորների համար, բայց Իր Որդու Արյամբ սրբագործված բոլոր սիրելի զավակներին կպարգևի արդարության պտուղը` հավիտենական կյանքը:
Տեր Ղազար քահանա Պետրոսյան
Բյուրավանի Սուրբ Գ. Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ

06/04/2013

Ճշմարիտ քրիստոնյան սեփական անձի հանդեպ պետք է ունենա խստություն և պահանջկոտություն, միևնույն ժամանակ հանդուրժողականություն, կարեկցանք ու մեղմություն` այլ մարդկանց նկատմամբ:

Ապրիլի 6-ի օրվա խորհուրդը


http://www.qahana.am/?page=dinner_read&ln=am

06/04/2013

Qahana.am

ՄԱՅՐԻ՛Կ, ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ ԻՆՁ


Հանցավոր փոխհամաձայնության, կամ հղիության արհեստական ընդհատման մասին:

http://www.qahana.am/?ln=am&page=news-item&id=90

03/04/2013

Qahana.am

Ապրիլի 3

Քրիստոնեությունը արգելքների կրոն չէ. այն Հարության ավետիսի բերկրանքի, լիարժեք կյանքի կրոն է:

Qahana.am

28/03/2013
Qahana.am

Qahana.am

Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին մատուցվում է Ս. Պատարագ (ժ. 11.00-ին): Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ:…

20/03/2013

Ճշմարիտ հավատքի մասին
Ճշմարիտ հավատքը ոչ միայն աստվածապաշտական ձևն է, շարական երգելն ու աղոթքի կանգնելն է, այլև ճիշտ մարդ լինելն Աստծու և մարդկանց առջև: Քանի որ համարվում ենք Աստծո տաճար, յուրաքանչյուր տաճար ունի իր զանգը: Մեր հավատքի զանգը մեր սիրտն է: Այդ զանգը որքան զուլալ, անշփոթ հնչի, կարծում եմ` այնքան Ճշմարիտ կլինի մեր հավատքը, այսինքն՝ մեր ճիշտ աստվածահաճո ապրելաձևը: Թող մեր Հայոց Առաքելական հավատքի զանգը երբեք չկորցնի իր հնչեղությունն ու հաստատուն մնա իր դերի մեջ. դեր, որ ունենք ի վերուստ ստացած: Եվ մեր հավատքը թող չլինի դիմակով, այլ այն դեմքով, որն Աստված է մեզ տվել:

Տեր Մխիթար քահանա Ալոյան
Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ

15/03/2013

Ողորմության մասին

Երբ ասում ենք, թե Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, հասկանում ենք, որ մարդն օժտվեց երկնային պարգևներով: Իր Արարչին նմանվելու և Նրա էությանը ձուլվելու մի շնորհ է ողորմության շնորհը, ինչը մարդուն բարերար է դարձնում:
Ողորմությունը նման է վառվող կանթեղի` կախված մեր հոգու տաճարում: Ինչպես կանթեղի լույսն է մարում առանց ձեթի, այնպես էլ մարդու հավատն է նվաղում առանց բարի գործերի: «Ողորմությունները աղոթքի թևեր են, առանց թևերի աղոթքը չի կարող թռչել»,- խրատում է Հ. Ոսկեբերանը: Ճշմարիտ ողորմությունը եղբայրասիրությունից բխող բարի կամքի արտահայտությունն է: Ողորմությանը արժեք է տալիս մարդու կամավոր, սրտաբուխ ոգին և ընդսմին այն տիրավանդ մոտեցումը, թե. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի» (Ղուկ. ԺԲ:48): Ի վերջո, ողորմության դիմաց մարդկանցից չպետք է ակնկալել որևէ վարձք, չէ որ ոչինչ աննկատ չի մնում Տիրոջ ամենատես աչքից: Այս կարևոր շղթաներով է մեր հոգու կանթեղը կախված Աստվածգիտությունից: Աստված Ինքն Իր մարդեղությամբ ցույց տվեց` որքա՜ն մարդասեր է, որքա՜ն առատ է բաշխում Իր Աստվածային շնորհները, որքա՜ն է կամենում մեր փրկությունը…

Տեր Աշոտ քահանա Սաֆարյան
Մասիսի Սուրբ Գևորգ
եկեղեցու հոգևոր հովիվ

12/03/2013

Ստի մասին

Սուտը մեր կյանքի ամենաբացասական երևույթներից մեկն է, որից այդքան խուսափում ենք, որին այդքան քննադատում, այդքան արհամարհում ենք, բայց և շատ դժվարությամբ ենք կարողանում ապրել առանց դրա:
Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, որոնք այդքան մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին: Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանել մեզանից հոգու ցավը: Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին: Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ համոզում ենք մեզ, թե դիմացինը երբևէ չի կարող հասկանալ մեր սուտը:
Ոչ ոք չի գիտակցում, որ ճշմարիտ խոսելը պատիվ է, իսկ ստախոսությունը` ստորություն:

Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան
Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ

11/03/2013

Հուսահատության մասին

Ապրելու հետ կապված նեղությունները, դժվարությունները և մտահոգությունները հաճախ պատճառ են դառնում հուսահատության մեջ հայտնվելու: Հուսահատությունն Աստծո հանդեպ ունեցած վստահության և, շատ անգամ, գոհունակության պակասության արդյունք է, որի պատճառով մարդ հոգեպես և հավատքով տկարանում և պարտվում է փորձություններից՝ ընկնելով տարատեսակ մեղքերի մեջ: Հիսուս Քրիստոս, արքայության ավետարանը քարոզելիս` ներկայացրեց մեր կյանքի վերջնական իմաստն ու նպատակը, այն է՝ ժառանգել Աստծո թագավորությունը: Հետևաբար, ապրենք լավատեսությամբ, հեռու մնանք հուսահատությունից, ապրենք հավատքով, աղոթական կյանքով և այն գիտակցությամբ, որ Աստված բերելու է Իր աջակցությունը և զորակցությունը՝ ամեն տեսակ փորձությունները հաղթահարելու համար: Արժևորենք հոգևոր կյանքի առավելությունը և մեր իսկ նեղությունների մեջ չկորցնենք երկնքի արքայությունը ժառանգելու լավատեսությունը:

Տեր Խորեն քահանա Մարուքյան
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ

07/03/2013

Բամբասանքի մասին

Աստված ստեղծեց մարդուն, նրան օժտեց բանականությամբ, ազատ կամքով և տվեց հոգի, որով մարդը տարբերվեց աշխարհի մյուս ստեղծվածներից: Աստված մարդուն տվեց հինգ զգայարան, որոնցով մարդն սկսեց ընկալել աշխարհը և հաղորդակցվել մյուսների հետ: Մարդու ականջը և բերանը, որ Տիրոջից մարդուն տրվեցին որպես բարիքների գործիքներ, մարդը դարձրեց դրանք չարիքների ծառաներ: Բամբասողը անարգ է, բայց նրանից ոչ պակաս անարգ ու արհամարհելի է և բամբասանք լսողը: Սրանից ավելի չար սովորություն չկա, երբ մեկը չի հագենում սուտ խոսելուց ու բամբասելուց, իսկ մյուսը չի ասում` հերիք է ականջ դնեմ:
Եթե չես կամենում բամբասանքի մեղքի մեջ գլորվել, ուրիշների խոսքերին դյուրահավատ մի՛ լինիր, երբ մեկին բամբասում են, մի՛ լսիր և հեռացի՛ր նմաններից: Քանզի չարը բամբասում է, որպեսզի ինքը բարի երևա, անխելքը բամբասում է, որովհետև խելացիր չէ, ստախոսը` որովհետև դա իր պաշտոնն է:
«Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանքը տարածողները անզգամներ են» (Մատթ. ԺԲ.37):

Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ

Address

Erevan
0015

Telephone

010564544

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Շողակն Արարատյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Շողակն Արարատյան:

Share



You may also like