09/04/2024
ՆՈՐՔ - 1/2024
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.
Օրերս մի ամերիկյան ֆիլմ դիտեցի՝ փաստաբանների և հարակից մասնագետների առօրյայի մասին։ Ֆիլմը գեղարվեստական էր և, բնականաբար, հագեցած մարդկային՝ գույները խտացած կրքերով ու մասնագիտական գերբնական տաղանդների դրսևորումներով, սակայն ինձ ավելի շատ, քան սյուժեն, լարված պահեցին, իսկ հետո մտորումների առիթ տվեցին մի քանի երևույթներ, որոնց մասին մեր և արևմտյան գրեթե բոլոր երկրների հասարակությունների պատկերացումները տարբերվում են։
Մեկը՝ ժամանակի շնչի ու ռիթմի զգացողությունն է։ Ֆիլմում, իհարկե, հերոսներն այնքան արագ էին հայտնվում պահանջված տեղում, որ Չիկագո քաղաքը իր չափսերով Երևանի սակավաբնակ արվարձան էր հիշեցնում, սակայն դա միայն ընդգծում էր մարդկանց և հատկապես՝ գործի մարդկանց անձնական պատասխանատվության կարևորության գիտակցման աստիճանը։ Մասնագիտական, քաղաքական կամ բիզնես մրցակցությունն է արհեստավարժ այն մտրակը, որ թույլ չի տալիս հորանջելով տեղափոխել այսօր նախատեսված հանդիպումը կամ աշխատանքը վաղվան․ տեղափոխեցիր՝ կուշանաս, հորանջեցիր՝ կկորցնես, որովհետև դու միակը չես և ոչ էլ անփոխարինելին։
Մյուսը՝ սեփական կարծիք ունենալու շռայլությունն է։ Մեր տիպի հասարակություններում այն ներկայանում է իբրև մի անբեկանելի սկզբունք, որովհետև փոփոխվելու իրավունք չունի։ Իրականում սեփական կարծիք ունենալը հատուկ է ոչ այնքան սկզբունքային մարդկանց, ինչը մեզանում տարածված համոզմունք է և այդ իսկ պատճառով՝ միմյանց կոկորդ կրծելու պատրվակ, որքան լայնախոհ, իրենց կարծիքը փոխելու ազատությունը գիտակցող ու գնահատող մարդկանց։ Չէ՞ որ դա քո սեփականությունն է, ուրիշի գաղափարների ոչ ծնունդ է, ոչ էլ ստրուկ, և ուրեմն ինչպես կուզես, այնպես էլ կտնօրինես՝ մինչև անգամ ինքդ քո մասին կարծիքդ փոխես։
Երրորդը՝ ներողություն խնդրելու շնորհքն է։ Եվ ներելու՝ երբ քեզ խնդրում են։ Պարզ ու հասարակ մի գործողություն, որից հետո երկուսիդ շունչը բացվում է, ուղեղը պայծառանում է, իսկ ամենակարևորը՝ հաղթող չկա։ Իմ գերմանացի ընկեր Դիտմարը, որի սուր լսողությունը երեք շաբաթ Հայաստանում մնալու ընթացքում որսացել էր հայերենում ամենահաճախակի օգտագործվող «բայց» բառը, մի օր խոստովանեց․ «Գիտես, ձեզ հետ միշտ պիտի զգուշավոր լինել՝ դուք ոչինչ անվերապահորեն չեք ընկալում, ծոցում միշտ «բայց» ունեք պահած՝ կարծես վախենում եք նահանջի ճանապարհը կորցնել»․․․
ՆՈՐՔի այս համարում․ Ռուբեն Գինեյ, Արմեն Դարբինյան, Ռաֆայել Սահակյան, Արթուր Արմին, Կարինե Խոդիկյան, Վարդիթեր Գիշյան, Մանվել Միկոյան։ «Նորք-ռետրո» (1979 թ․) բաժնում՝ Զորայր Խալափյան։
Լիլիթ Հովսեփյան