«Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականագնողական կենտրոնում երեխան մշտապես պաշտպանված է և ապահով, գտնվում է փորձառու և գիտակ մասնագետների հսկողության ներքո:
Ֆիզիոթերապիա, որը տարբեր ֆիզիկական վարժությունների միջոցով օգնում է երեխային զարգացնել կամ վերականգնել ֆիզիկական կարողությունները և խանգարված ֆուկցիաները՝ նվազեցնելով դրանց ազդեցությունը երեխայի կենսագործունեության վրա։
Էրգոթերապիա, որը նպաստում է երեխաների ինքնասպասարկման, առօրյա գործողությունների կատարման և անկախ կյանք վարելու հմտությունների զարգացմանը՝ միջավայրային գործոնների փոփոխության և այլ մեթոդների կիրառման միջոցով։
Հոգեբանական աջակցություն հաշմանդամություն և վարքային ու հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաներին հաղթահարելու իրենց վախերը, ձեռք բերել ինքնավստահություն տարբեր միջավայրային պայմաններում և զարգացնել հաղորդակցման հմտությունները։
Հատուկ մանկավարժություն ուղղված ճանաչողական գործունեության ձևավորմանն ու զարգացմանը և վարքի ֆունկցիոնալ խանգարումների շտկմանը։ Այն նպաստում է երեխայի մոտ ուշադրության կենտրոնացմանը, հիշողության ուժեղացմանը և ժամանակի ու տարածքի ճիշտ ընկալմանը։
Լոգոպեդական թերապիա խոսքային խնդիրներ ունեցող երեխաների հետ՝ զարգացնելով խոսքի վերարտադրման, իմաստային ընկալման և հաղորդակցման կարողությունները, ինչպես նաև շտկելով ծամելու և կլման ակտի խանգարումները։
Արտ թերապիայի անհատական և խմբային պարապմունքներ, որի ընթացքում երեխաները նկարում են, մասնակցում են թատերական բեմականացումներին, զբաղվում են կավագործությամբ, ստեղծում են իրենց սեփական հեքիաթները և ներգրավվում այլ հետաքրքիր միջոցառումներում։ Այս ամենը զարգացնում է երեխայի ստեղծարար միտքը և հաղորդակցման և ինքնաարտահայտման հմտությունները, ինչպես նաև հեշտացնում է սոցիալիզացման գործընթացը։
Պարային թերապիայի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում արտահայտել իրենց զգացմունքները, զգալ իրենց մարմինը և ղեկավարել շարժումները։ Պարը օգնում է վերահաստատել կապը մարմնի, մտքի և հույզերի միջև՝ նպաստելով երեխայի ինքնավստահության ձեռքբերմանն ու սոցիալիզացման գործընթացին։
Սոցիալական աշխատողներն իրականացնում են անհատական և խմբային հանդիպումներ և սեմինար-պարապմունքներ ծնողների հետ, որոնց ընթացքում քննարկվում են երեխայի հաշմանդամության, հասարակության վերաբերմունքի և ընկալումների, ինչպես նաև դրական ծնողավարման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Նրանք կատարում են տնայցեր՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բարոյահոգեբանական մթնոլորտը գնահատելու նպատակով։