14/06/2022
«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնի» կանոնակարգ
• Մրցույթին կարող են մասնակցել 17- 32 տարեկան կոմպոզիտորները:
• Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն։
• Ստեղծագործությունը պետք է ներկայացվի անանուն։ Պարտիտուրը չի կարող պարունակել մանրամասներ, որոնք կարող են հանգեցնել կոմպոզիտորի նույնականացմանը:
• Պարտիտուրի վրա պետք է նշված լինի միայն ստեղծագործության անվանումը։
• Պարտիտուրը կարելի է ներկայացնել տպագիր, կամ կատարյալ ընթեռնելի ձեռագիր տարբերակով:
• Ստեղծագործությունը պետք է ներկայացնել PDF ֆորմատով՝ ներբեռնելով այն հայտաձևի համապատասխան պատուհանի մեջ [https://bit.ly/3MQQ0EA]: Հնարավորության դեպքում կից կարելի է ներկայացնել նաև ստեղծագործության MIDI ձայնագրությունը:
• Ըստ ցանկության կոմպոզիտորը կարող է ներառել գրավոր կարճ նախաբան՝ ստեղծագործությունը բացատրելու համար:
• Ստեղծագործությունը պետք է լինի երբև չկատարված, չհրապարակված և չհեռարձարկված, ինչպես նաև երբևէ այլ մրցույթների մրցանակների չարժանացած։
• Եթե մրցանակակիր կոմպոզիտորը որոշում է իր ստեղծագործությունը հրատարակել երաժշտական որևէ հրատարակչի կողմից, ապա պարտիտուրը պետք է պարունակի հետևյալ բառերը.
Տվյալ ստեղծագործությամբ կոմպոզիտորը հանդիսացել է «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնի» մրցանակակիր:
• Կազմակերպությունը կպահի պարտիտուրի մեկ օրինակ, որը կպահվի «Երիտասարդ կոմոզիտորների մրցույթ-փառատոնի» արխիվում:
• Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի:
• Ժյուրիի որոշման արդյունքում կընտրվեն լավագույն ստեղծագործությունները, որոնք փառատոնի ընթացքում կկատարվեն Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի կողմից, որոնցից մեկ ստեղծագործություն կճանաչվի հաղթող և կարժանանա դրամական մրցանակի:
• Կսահմանվեն նաև հատուկ մրցանակներ պետական կոլեկտիվների և երաժշտական առաջատար հաստատությունների կողմից։
• Ժյուրին կարող է չշնորհել նախապես հայտարարված որոշ մրցանակներ:
• Ժյուրիի որոշումները վերջնական են և վիճարկման ենթակա չեն։
• Հաղթող մասնակիցներին հնարավորություն կընձեռնվի մասնակցել երգչախմբի հետ իր ստեղծագործության փորձին: Հաղթող յուրաքանչյուր մասնակից կունենա մեկ ժամ երգչախմբի հետ աշխատելու համար:
• 2022 թվականին մրցույթ-փառատոնի մասնակցության վճար սահմանված չէ:
• Մասնակցելով մրցույթին թեկնածուն ընդունում է մրցույթի կանոնները:
Մրցութային ծրագիր
• Ստեղծագործության տևողությունը պետք է լինի 4-8 րոպե (նշել պարտիտուրի վրա):
• Ընդունվում են միայն a ca****la ստեղծագործություններ, երկսեռ քառաձայն երգչախմբի համար (SATB)՝ divisi-ի ողջամիտ օգտագործմամբ:
• Ստեղծագործության տեքստը պարտադիր պետք է լինի հայերեն:
• Կոմպոզիտորները պատասխանատվություն են կրելու տեքստերի ազատ օգտագործման համար, և պետք է հարգեն հեղինակային իրավունքները, որոնք ամրագրված են «Մտավոր սեփականության մասին» Ազգային ժողովի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ:
• Մրցույթին չեն կարող մասնակցել՝ մշակումներ, փոխադրումներ կամ այլ ոչ հեղինակային հիմք ունեցող ստեղծագործություններ։
• Մրցույթին ներկայացվող ստեղծագործությունները պետք է գրված լինեն կամերային երգչախմբի համար․
- 6 Սոպրանո
- 6 Ալտ
- 6 Տենոր
- 6 Բաս
Այս կազմի համար գրված հաղթող ստեղծագործությունները փառատոնի ընթացքում կկատարվեն Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի կողմից:
Հայտաձև
- Մասնակիցը պետք է լրացնի իր տվյալները google form [https://bit.ly/3MQQ0EA] հայտաձևի միջոցով։
- Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
• խմբերգային ստեղծագործության ձեռագիր կամ թվային պարտիտուր (PDF ֆորմատով)
• ինքնակենսագրական մինչև 300 բառ (Word ֆորմատով)
• բարձր որակի թվային լուսանկար (1080x1080 pixels)
Մրցույթ-փառատոնի ժամանակացույց.
Մրցույթ-փառատոնի անցկացման ժամկետ -
09.06.2022 - 30.11.2022
Հայտերի ընդունում -
15.06.2022 - 09.09.2022, 23:59
Արդյունքների հայտարարում -
15.09.2022 22:00
Համերգաշար և գալա-համերգ -
15.10.2022-30.11.2022
«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ - փառատոն» ծրագրի նպատակն է տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորների բացահայտումը՝ նոր թափ հաղորդելով նրանց ստեղծագործական զարգացմանը, ինչպես նաև մասնագիտական կառույցների ավելի լայն ուշադրության գրավումը ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքին եւ նրանց երաժշտության առաջխաղացմանը:
Մրցույթի շրջանակներում մասնակիցները մասնագիտական հանձնաժողովին կներկայացնեն խմբերգային ստեղծագործություններ: Ստեղծագործությունները կքննվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որը կընտրի հաղթող մասնակիցներին:
Ընտրված ստեղծագործությունները կկատարվեն Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի կողմից (գեղ. ղեկավար եւ խմբավար՝ Մարինե Ալավերդյան), իսկ մրցույթին մասնակցած բոլոր ստեղծագործությունները կհավաքագրվեն խմբերգերի ձեռնարկում, որը կտրամադրվի երաժշտական կրթօջախներին եւ մրցույթի մասնակիցներին:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան մարզային միջոցառումներ, որին կհաջորդի երևանյան համերգաշարը մայրաքաղաքի առաջատար երաժշտական կրթօջախներում։
Փառատոնային միջոցառումների ընթացքում երիտասարդ կոմպոզիտորները եւ կատարողները հնարավորություն կունենան շփվելու երաժշտական դպրոցների եւ ուսումնարանների սաների հետ: Փառատոնը կեզրափակվի գալա-համերգով, որի ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխությունը:
2022 թվականին մրցույթ-փառատոնն անցկացվում է «Խմբերգային ստեղծագործություն» անվանակարգում և նվիրվում է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահ, պրոֆեսոր
Լևոն Չաուշյանի հիշատակին:
_____________________________________
«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնն» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Նախագծի գործընկեր` «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիա :