28/12/2023
«Հերթական մի օր գնացի զորամաս։ Հաց բաժանող մեքենան պատրաստվում էր բարձրանալ դիրքեր, ես ևս ցանկություն հայտնեցի նրանց հետ բարձրանալ:
Հետաքրքիրն այն է, որ մտածում էի արդյո՞ք պետք է զենք վերցնել, թե ոչ, բայց այդպես էլ չվերցրի։ Վերցրի Աստվածաշունչ մատյանը և զինվորներին բաժանելու համար Նոր Կտակարաններ։
Ճանապարհին տղաներին հարցրի՝ իսկ եթե որևէ մեկը դուրս գա մեր դիմա՞ց։ Չգիտեմ, կանխորոշում էր թե ինչ, բայց հենց այդպես էլ եղավ։
Գնացինք գումարտակ, հերթական դիրքը բարձրանալու ճանապարհին եղավ հարձակում թշնամու կողմից՝ դիվերսիոն խումբ էր ներթափանցել և դուրս գալով մեր դիմաց սկսեցին կրակել։
Ես և վարորդը վիրավորվեցինք, բայց ուրախալին այն էր, որ մեքենան չկանգնեց՝ չնայած , որ մեքենայից ոչինչ չէր մնացել, ամբողջը փամփուշտի տեղեր, անիվները պատառոտված էին, սակայն վարորդը շարունակեց վարել և մենք անցնելով թշնամու դիվերսիոն խմբի միջով՝ կարողացանք փրկվել։
Մտածում եմ՝ կարող է մեքենան կանգներ և այդքանով վերջ, բայց Աստծո գործերն անքննելի են, Աստծո կամքն էր և Նրա ողորմության շնորհիվ էր, որ մենք փրկվեցինք։
Կարծում եմ Աստված մեզ երկրորդ հնարավորություն տվեց՝ ապրելու, արարելու և մեր կյանքը արժևորելու համար, ոչ միայն ինձ, այլև տղաներին, ովքեր ինձ հետ էին։
Այս դեպքը շատերի համար անսովոր էր, որովհետև նման պարագաներում ոչ ոք չէր փրկվում։ Զինվորականները այս դեպքը առանձնացնում և կարևորում են գնդերեցի ներկայությամբ։
Աստծո ողորմությամբ փրկվեցի որպեսզի շարունակեմ առաքելությունս որպես գնդերեց։
Այս դեպքի մասին լսելուց հետո Մարտակերտի հրամանատարը կազմակերպում է իր երեխաների մկրտությունը, օրինակ բերելով և շեշտելով. «Քրիստոնյա էին, մկրտված, կար հոգևոական և Աստված փրկեց իրենց»։
Տեր Գյուտ քահանա Գալստյան
ՀՀ զինված ուժերի գնդերեց
#մետանոյա #գնդերեց #արցախի