16/09/2022
Ռուսաստանը սաստիկ կամենում էր Թուրքիո բարեկամությունը շահել՝ չէր հաջողվում։
Հենց որ Թուրքիան տեսնում էր Ռուսաստանը իր հետևից գալիս է՝ քայլելիս ոտը վերցնում էր։
- Թո՛ւրքիա, - ձայն էր տալիս Ռուսաստանը, բայց նա պատասխան չէր տալիս։
- Թո՛ւրքիա, Թուրքիա, - երբ կրկնեց մի անգամ էլ Ռուսաստանը.
- Ցա՛վ քեզ, ցա՛վ քեզ, - պատասխանեց Թուրքիան ու առաջ անցավ։
Ու Ռուսաստանը շվարած կանգնում էր չիմանալով, ի՞նչ լեզվով խոսի, որ նա պատասխանի։
Այսօր սակայն, թուրքական պատվիրակություն է եկել Մոսկվա Ռուսաստանի հետ բանակցելու, գնացել Լենինի դամբարանի վրա լացել ու «ա՜խ» քաշել…
Ձեզ եմ թողնում երևակայել Ռուսաստանի ուրախությունը։
Ստորև տալիս եմ այդ բանակցության պատկերը։
Ռուսաստան․- Ա՜յ մարդ, ի՞նչ եմ արել քեզ, որ հետս չես խոսում։
Թուրքիա․- Մենք իրար ի՞նչ խոսելիք ունենք՝ դու քրիստոնյաներին հովանավոր քրիստոնյա, ես մահմեդական։
Ռուսաստան - Ա՞յդ էր պատճառը։ Ես Քրիստոսի հերն եմ անիծել՝ Աստծունն էլ վրան։ Մենք բոլշևիկներ ենք ու Աստծուն չենք ճանաչում։
Թուրքիա - Մահմեդական Աստծու հերն է՞լ ես անիծում, նրան է՞լ չեք ճանաչում։
Ռուսաստան - Ո՜չ, քավ լիցի, նրան ճանաչում ենք…
Թուրքիա - Ես 1915 թվին իմ ողջ հայերը կոտորեցի, ինչո՞ւ չթողիր քոնն էլ կոտորեի ու հայկական հարցը վերանար աշխարհի երեսից։
Ռուսաստան - Չթողի, որ մնացածն էլ ես կոտորեմ։
Թուրքիա - Սուտ ես խոսում, դու հայ չես կոտորում:
Ռուսաստան - Չե՜մ կոտորում… էն էլ ինչպես։ Սոսկալի տանջանքներով։ Ես քեզ նման համախառն կոտորած չեմ սարքում, այլ թողնում եմ, որ կաթի նման երեսին սեր կանգնի, սերը քաշում եմ թափում Սիբիրի անտառները սառելու, իսկ շտուկը դեն ածում։
1937 թվին ես Հայաստանում մի գիտնական, լեզվագետ, գրող կամ այլ կրթված մարդ թողի՞։ Ես բանտարկեցի անգամ աշխարհահռչակ գիտնական Հրաչյա Աճառյանին , տանջամահ արի մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին, Ակսել Բակունցին, էլ դրանից ավելին ի՞նչ ես ուզում։
Դու քո հայերին քշեցիր Տեր Զորի տաք անապատներն, իսկ ես 1949 թվին մի գիշերվա մեջ 50 հազար ընտանիք քշեցի Ալթայի սառցապատ երկիրը կոտորվելու։ Դրանից հետո էլ հա մաս-մաս կոտորում ենք, էլ ի՞նչ ես ուզում։ Մենք ձեզ նման միանգամից կոտորել չենք կարող, մենք բոլշևիկներ ենք և խնայողությամբ ենք վարվում, որ մինչև մեր կյանքի վերջը մարդ ունենանք կոտորելու։ Մենք չենք կարող ձեզ նման մի անգամից կոտորել ու այնուհետև ձեռները ծալած նստել։ Հետո տեսաք չէ՞, մենք Էնվեր փաշայի հայության արյան մեջ թաթախված ձեռքը ի՜նչ ուրախությամբ սեղմեցինք ու թույլ տվինք մեր հողը ապաստանելու ։ Ճիշտ է, Ջեմալ փաշային սպանեցինք Թիֆլիսում , բայց այն նրա համար, որ մեղքը դաշնակցության վրա գցեինք, ու բանտերը լցնեինք։ Չէ՜, սիրելի Թուրքիա, հային տանջելու, կոտորելու մեջ դու մեզ չե՜ս հասնի։
Թուրքիա - Լավ, համոզեցիր։ Շնորհակալ եմ։ Հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից։
Ռուսաստան - Ուզում եմ, որ դուրս գաս Ատլանտյան պակտից և չեզոք դիրք բռնես իմ նկատմամբ։
Թուրքիա - Իսկ փոխարե՞նը։
Ռուսաստան - Ինչ կամենաս։ Ուզո՞ւմ ես, իմ մասի ողջ հայությանը առնեմ թիակի վրա և մի գեշերվա մեջ ցրիվ տամ Սիբիրի սառնամանիքներում։
Թուրքիա - Ի՞նչ մեղադրանքով։
Ռուսաստան - Նացիոնալիզմի մեջ մեղադրելով։ Մինչև օրս այդ մեղադրանքով կոտորել եմ և շատ հաջող։
Թուրքիա - Լավ, կմտածեմ ու կասեմ, - ասաց ու բանակցությունները դրանով էլ վերջացան։
Թուրքիան գնաց մտածելու, իսկ Ռուսաստանը հրաման արձակեց իր չեկիստներին գնացքները պատրաստ պահել, որ պահանջված րոպեին մի գիշերում հայությունը տեղահան արվի Սիբիր։
Լեռ Կամսար, 1961թ․, "Միայնակը"